Ուլթեր Այզեքսոն Սթիվ Ջոբս

Ամերիկյան Time հանդեսի գլխավոր խմբագիր, Ասպենի ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Ուոլթեր Այզեքսոնը հայտնի է իր կենսագրական գրքերով: Դրանցից մեկը “Սթիվ Ջոբս”-ն է, որը “…մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի`Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է` լեցուն ուսանելի մանրամասներով” .-այսպիսին է գրքի հեղինակային մեկնաբանությունը:
12 տարեկանում Ջոբսը ցանկացել է հաճախականության չափիչ սարք ստեղծել: Լինելով հումանիտար գիտելիքների կրող, նա հրապուրվել է նաև ճշգրիտ գիտություններով, սիրել է էլեկտրոնիկա, ավելի հասուն տարիքում ցանկացել է ստեղծել “մի ընկերություն, որն այնքան հագեցած է նորարար ստեղծագործությամբ…”:
Ջոբսն այն ուժեղ անհատականությունն է, որն իր կատաղի համառության, կատարելության հասնելու ձգտման շնորհիվ հեղափոխություն է կատարել վեց ոլորտներում`անհատական համակարգիչների, մուլտիպլիկացիոն ֆիլմերի,երաժշտության, հեռախոսների, պլանշետային համակարգիչների և թվային հրատարակությունների: Սրանց կարող էր ավելանալ նաև յոթերորդը` մանրածախ վաճառքի կետերի իմիջի վերափոխման նրա ծրագիրը:
Ջոբսն իր էությամբ գյուտարար էր, նորարար, վառ երևակայության տեր: Նա “ստեղծագործությունն ու տեխնոլոգիաներըը միավորելը”համարում էր արժեք ստեղծելու լավագույն ձև և առաջնորդվում էր այդ համոզմունքով :
Հիրավի, նա այն մարդկանցից մեկն էր, “ովքեր այնքան խենթ են, որ կարծում են, թե կարող են փոխել աշխարհը…”: Նրա կենսապատումը ուսուցողական է` լեցուն նորարարության, էության, առաջնորդության ու արժեքների մասին դասերով. “Ես երազում էի ստեղծել հավերժական ընկերություն, որտեղ մարդիկ մղվում են արտադրելու լավ ապրանքատեսակներ: Մնացած ամեն ինչ երկրորդական է: Անշուշտ հրաշալի է, երբ շահույթ ես ունենում,որովհետև հենց դա է թույլ տալիս լավ ապրանքներ արտադրել: Բայց գլխավորը ոչ թե շահույթն է, այլ արտադրանքը:….շատ կարևոր է,ում ես ընդունում աշխատանքի, ում ես առաջ տանում,ինչ ես քննարկում ժողովների ընթացքում…”: